ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում 2021 թվականի նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նոր` համամասնական ընտրակարգով։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
«Երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 մլն 249 հազար դրամ»,– հարցի ներկայացվման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ստեփանավանում ու Իջևանում անցկացվող ընտրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք 2020թ. ապրիլի 17-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով վերածվել են խոշորացված համայնքների: Իսկ դեռևս 2020թ–ին այդ համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրությունները չէին կայացել ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պատճառով։
Բացի այդ, Միքայել Ղարաքեշիշյանը, որը Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում, 2020 թ. նոյեմբերի 1-ին մահացել է:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Կապան համայնքին, ապա այստեղ ավագանու 15 անդամներից 8-ը 2021 թվականի օգոստոսի 11-ին ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին:
«ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների անցկացման 3 օր` հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և հավելյալ օր` դեկտեմբերի 5։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և մենք դեկտեմբերի դրությամբ արդեն կունենանք նոր միավորված համայնքներ»,– նախագծի քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Միավորվող նոր համայնքների ցուցակն, ըստ նրա, ՏԿԵ նախարարույունը կհրապարակի արդեն հաջորդ շաբաթ։
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Յուրաքանչյուր տարի ՏԻՄ ընտրություններն անցկացվում են մինչև չորս անգամ: