ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակված ու ծանր վիճակում գտնվող երիտասարդներից մեկը մահացել է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ այս հիվանդությունն էլ ավելի է երիտասարդացել։
«Ցավով պիտի ասեմ, որ այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,– ասաց Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված։ Շուրջ 1600 մահճակալներից 1400–ը զբաղված են։ Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 650 է, ծայրահեղ ծանրներինը` 126։ 51 քաղաքացի միացված է արհեստական շնչառության ապարատներին։
Ավանեսյանը հավաստիացրեց, որ հիվանդանոցներում հերթեր չկան։ Ստացիոնար բուժման կարիք ունեցող բոլոր վարակվածները հոսպիտալացվում են։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 636-ով և դարձել 243386: