30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը. Սերժ Սարգսյանը` կարգավիճակի մասին

Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունը ունի: Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ–ն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ԱԳՆ
«2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին։ Դրա հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր»,–ասում է Սարգսյանը։
Նրա խոսքով` խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը։ Մինչդեռ, ըստ Սարգսյանի, թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում, և ոչ մեկ անգամ, թե ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:
44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնը
«Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք»,–նշում է Սարգսյանը։
Նա հավելում է, որ դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը
Սարգսյանի խոսքով` այժմ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելու պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից: Այս ամենը, ըստ նրա, հնարավոր է միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի պարագայում:
Երրորդ նախագահը նշում է` մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել Անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Եվ միայն այդժամ կարող ենք ազգովի լիարժեքորեն շնորհավորել միմյանց Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: