Փրկարարները մարել են Կութի տարածքում բռնկված հրդեհը. 43 հրշեջ է աշխատել տեղում

Ընդհանուր առմամբ 160 հեկտար խոտատարածք է այրվել Գեղարքունիքի Կութ գյուղի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Փրկարարներին հաջողվել է մարել Կութ գյուղի տարածքում բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ 43 հրշեջ-փրկարար են իրականացրել հրդեհաշիջման աշխատանքները։
Արման Թաթոյանը տեսանյութով է պատասխանել Ադրբեջանի ՊՆ-ի հերքմանը
Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր է ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:
ԱԻՆ–ը հայտնում է, որ հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։ Իսկ հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։46-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։
Հիշեցնենք, որ Թաթոյանը հայտնել էր նաև, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։