ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով ու սրտի թելադրանքով, աշխատասիրությամբ, միմյանց օգնելով, միմյանց վստահելով, միմյանցից սովորելով»,–պատգամել է ՀՀ նախագահը:
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրը կարող է իր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել հայրենիքին, ազգին, ընտանիքին և, իհարկե, իրենց:
«Այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի»,–ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ 21-րդ դարը մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության դար է։ Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակից լինել աշխարհի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին։
«Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը, մեր ինքնությանը և հավատացե՛ք վաղվա օրվան»,–աշակերտներին պատգամել է նախագահը:
Դիմելով ուսուցիչներին, դասախոսներին, դաստիարակներին` Սարգսյանը նշել է, որ վաղվա օրը ձևավորվում է նաև նրանց նվիրված աշխատանքի և այն ջանքերի շնորհիվ, որ նրանք ներդնում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու մեջ: «Վստահ եմ՝ բոլորդ գիտակցում եք, որ ժամանակին համընթաց քայլելու՝ կրթական համակարգի ունակությունն է որոշելու Հայաստանի տեղը սրընթաց զարգացող աշխարհում: Լինելով Հայաստանի իրական էլիտայի կարևորագույն մասը՝ դուք մեր երկրի ապագան կերտելու առանձնահատուկ առաքելություն եք իրականացնում: Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքը 10, 50, 100 տարի հետո»,–գրել է նախագահը:
Վերջում նա ընդգծել է, որ հավատում է մեր անխուսափելի հաջողությանը: Նշել, որ չափազանց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա դրան և իր գիտելիքով, կարողություններով ու հնարավորություններով մասնակցի այն մոտեցնելուն: