Հաստիքների կրճատումը` անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց. ՄԻՊ–ն ահազանգում է

Լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն օրենսդրական խնդիր է արձանագրել` հաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց։
Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում
ՄԻՊ–ի` Facebook-ում տեղադրած հայտարարության մեջ ասված է, որ գրասենյակ շատ են դիմում բողոքներով առ այն, որ հաստիքների կրճատման հիմքով իրենց աշխատանքից ազատելիս գործատուները ոչ արդար մոտեցում են ցուցաբերում:
Նշվում է, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ, ինչի հետևանքով լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:
«Բողոքների համալիր ուսումնասիրությունը բերում է այն համոզմանը, որ հաստիքների կրճատումը շատ հաճախ «անցանկալի» աշխատողներից ազատվելու միջոց է գործատուների համար, ինչն ինքին ոչ իրավաչափ, հետևաբար, նաև անթույլատրելի երևույթ է»,–շեշտում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ հաստիքների կրճատման հիմքով աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատողների միջև ընտրության որոշակի չափանիշներ պետք է ամրագրվեն, պետք է իրականացվի նաև աշխատողի գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և որակավորման չափանիշների հաշվառումամբ։
«Դատապարտյալների հիվանդանոցում» անմարդկային վերաբերմունք է. Թաթոյանը մանրամասնել է