ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված ու խոշտանգումնրի ենթարկված բնակիչը, որը վերադարձվել էր հայկական կողմին, հաշվառված է հոգեթմրաբանական դիսպանսերում։ Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետւթյան դատախազությունը` նշելով, որ գերեվարված Ա.Մ.-ն 32 տարեկան է։
Նա 2021թ–ի հուլիսի 26-ին գնացել էր կորած անասուններին որոնելու, բայց մոլորվել էր ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին:
Իրականացված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ հայ տղամարդը նույնիսկ այդ մի քանի ժամվա ընթացքում բռնության ու խոշտանգումների է ենթարկվել։
Իրականացված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ հայ տղամարդը նույնիսկ այդ մի քանի ժամվա ընթացքում բռնության ու խոշտանգումների է ենթարկվել։
«Փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը»,– հայտնում է դատախազությունը:
Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով):
Կատարվում է հետաքննություն։
Նշենք, որ Արցախի ՄԻՊ–ն ավելի շուտ հայտնել էր՝ քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Ստեփանյանը միջադեպի վրա հրավիրել է միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունը։