ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Չարչյանի փախանման միջոց կալանքը գրավով փոխարինվի։ Խափանման միջոցի փոփոխման հարցը պայմանավորված է Չարչյանի առողջական վիճակի վատթարացմամբ»,–ասաց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ, և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։ Փաստաբանը նշեց, որ բացի այդ, Չարչյանը շաքարային դիաբետ ունի ն օրական 92 միավոր ինսուլին է ստանում։ Համաձայն կառավարության 825Ն որոշման` այդ հիվանդության տեսակն անհամատեղելի է կալանքի հետ։
Ալեքսանյանը հայտնեց նաև, որ հրատապ նիստ հրավիրելու միջնորդությանը կցել են նաև Չարչյանի էպիկրիզները։ Թե երբ կլինի միջնորդության քննությունը` դեռ հայտնի չէ, սակայն պաշտպանը հույս ունի, որ շուտափույթ ժամկետներում կքննեն այն։ Հարցն այն է, որ, ըստ Ալեքսանյանի, օրենքով հրատապ նիստ հրավիրելու ժամկետներ նախատեսված չեն։
Հավելենք, որ օգոստոսի 30-ին Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին հիվանդանոց։
Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում: