Ադրբեջանը սադրանքի է դիմել Երասխի հատվածում. պայմանագրային զինծառայող է զոհվել

Պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է` ադրբեջանական կողմի քայլերն անպատասխան չեն մնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր սադրանքի է դիմել Երասխի հատվածում, ինչի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ողջ գիշեր գնացել-եկել ենք». կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը. տեսանյութ
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը զոհվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Միաժամանակ, ՊՆ–ն շեշտում է` իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
«Ադրբեջանցիները լուցկի են գցում, հրդեհում մեր խոտն ու հետո ծիծաղում». Սոթքի բնակիչ
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: