ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները լուցկիով են հրդեհում Սոքթի և Կութի բնակիչների հավաքած խոտը և հետո սկսում ծիծաղել։ Sputnik Արմենիային հայտնեց Սոթքի բնակիչ Ալբերտ Աբրահամյանը` մանրամասներ պատմելով դեռ օգոստոսի 29-ին բռնկված հրդեհներից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր է ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը։
«Ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, դպրոցում էլ պահակ եմ աշխատում։ 26 գլուխ անասուն ունենք, և մեր խոտհարքից ենք անասնակերն ապահովում։ Հիմա ձմռան համար խոտ էինք հավաքել, 500 տուկ արել, բայց ադրբեջանցիները դիրքերից լուցկին վառում են, գցում ու այրում։ Իմ խոտից 200 տուկն արդեն այրվել է»,–պատմեց Աբրահամյանը։
Բացի դրանից, այրվել է նաև Սոթքի հատվածում նրանց դաշտից 3-4 հեկտար տարածք, որտեղից «նաղդ» 700 տուկ խոտ կունենային։
Աբրահամյանը պատմեց` երեկ Վարդենիսի փրկարար ջոկատներն են տեղում հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, ինքն ու եղբայրն են օգնել, արդեն իսկ տուկ արած խոտերը հրդեհի տարածքից հեռացրել, որ ավելի լայն տարածք հրդեհն իրենով չանի։ Նշեց` մեծ ջանքերից հետո հաջողվել է հրդեհը մարել. հարցն այն է, որ սարի գլխին դժվար է տեխնիկա բարձրացնել հրդեհը մարելու համար, դրա համար էլ ավելի շատ մարդուժ է պետք լինում։
«Մի տես` ինչ են անում, է, ու ասում են` մենք չենք արել` բա ո՞վ է արել։ Տղերքը նկարել են, ես էլ 2 օր առաջ երեկոյան եմ նկարել, բայց հեռվից։ Խոտի գինն էլ այս տարի թանկացել է` 1000-1200 դրամից դարձել է 1800-2000 դրամ տուկը։ Որ խոտ չկա, ստիպված մորթում ենք անասուններին։ Դե, մեկ էլ կաթ ենք վաճառում, ապրում»,–ասաց նա` հավելելով, որ գյուղատնտեսական աշխատանքներ են անում նաև կրակոցների ձայների ներքո, որոնց արդեն սովորել են։
Աբրահամյանը, ի դեպ, պատերազմի առաջին իսկ օրից մեկնել է ռազմադաշտ` եղել Քարվաճառում։ Նա երկու անչափահաս երեխա ունի։
Школьный охранник села Сотк Альберт Абрамян
© Sputnik / Aram Nersesyan
Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ կրակոցների առումով վերջին օրերին իրավիճակը հանդարտ է, սակայն հրդեհներն արդեն մեծ տարածքներ են «իրենցով արել»։
Նրա խոսքով` ադրբեջանցիները նպատակային են հրդեհներ առաջացնում` անիվներ են այրում ու սարից ցած նետում։ «Խոտերը հիմա լավ չորացած են, և հրդեհի համար բավական «հարմար» շրջան է։ Բացի այդ, քամիներն էլ շատ են, հրդեհն արագ է տարածվում։ Արոտավայրերի մեծ մասը ոչնչացվել է»,–ասաց նա։
Руководитель общины Гегамасар Акоп Аветян
© Sputnik / Aram Nersesyan
Ավետյանն ասաց` քանի որ խոտի քանակը քիչ է, ստիպված պետք է կենդանիներին մորթեն, փորձեն վաճառել։ «Աստված ենք կաչում, որ պատերազմ չլինի, կրակոցներ չլինեն, որ գոնե կարտոֆիլը նորմալ հավաքենք»,–իր խոսքն ամփոփեց նա։
Հիշեցնենք նաև, որ ԱԻՆ-ն այսօր հայտնել էր` փրկարարներին հաջողվել է մարել Կութում բռնկված հրդեհը։