Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած 61-ամյա կինը մահացել է

Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել էին շտապօգնության Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանում երեկ տեղի ունեցած շտապօգնության ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 61-ամյա Անահիտ Միսակյանը հիվանդանոցում մահացել է: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը` միաժամանակ տեղեկացնելով, որ կինը վթարի պահին գտնվել է շտապօգնության մեքենայի մեջ, բժիշկները նրան տեղափոխելիս են եղել հիվանդանոց։
61-ամյա Անահիտ Միսակյանը մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր արդեն վթարից հետո` օգնության հասած այլ շտապօգնության մեքենայով։ Մահացած կինը Կոտայքի մարզի բնակիչ էր։
Կրակոց է հնչել. մանրամասներ՝ «Երևան մոլի» ավազակային հարձակման մասին. տեսանյութ
Վթարի ենթարկված շտապ օգնության բրիգադի մյուս անդամները` վարորդ Կ. Սուքիասյանն ու բուժանձնակազմի անդամներ 28-ամյա Խաչատուր Թորոսյանն ու 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը նույնպես տեղափոխվել են հիվանդանոց։
Իսկ վթարված Mercedes-ում գտնվող Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և 19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, երկու եղբայրներ 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել էին շտապօգնության Nissan մակնիշի ավտոմեքենան ու 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: