Ո՞ր մթերքն է բարելավում տարեց մարդկանց հիշողությունը․ նյարդաբանների հայտնագործությունը

ԱՄՆ Կենտուկի համալսարանին կից բժշկական քոլեջի նյարդաբանների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել՝ որոշ մթերքներ կարող են բարելավել տարեցների ճանաչողական գործառույթները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել՝ ինչը կարող է դանդաղեցնել ուղեղում երկաթի մակարդակի տարիքային աճը։ Բացի այդ, մասնագետները գնահատել են 61-ից մինչև 86 տարեկան առողջ տարեցների խմբում սննդի ընդունման, ուղեղի վիճակի ու ճանաչողական գործառույթների միջև փոխկապակցվածությունը:
Գիտնականները բացահայտել են «ապագան կանխագուշակելու» ուղեղի հնարավորությունը
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի սննդանյութերի ավելի շատ օգտագործումը նվազեցնում է ուղեղի ոչ հեմային (հեմոգլոբինի հետ կապ չունեցող) երկաթի կոնցենտրացիան ու բարելավում է տարեցների հիշողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական գործառույթները:
Ուղեղի ոչ հեմային երկաթի ավելցուկը կապված է տարիքի հետ մտավոր ունակությունների վատթարացման, ինչպես նաև ծանր նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզն ու Ալցհեյմերի հիվանդությունը:
Հետազոտության բոլոր մասնակիցները իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել, անցել են մի քանի թեստ՝ աշխատանքային հիշողության կատարման գնահատման համար և ՄՌՏ սքանավորում՝ ուղեղի հյուսվածքներում երկաթի կոնցենտրացիան չափելու համար:
Neurobiology of Aging -ում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարեց մասնակիցները, որոնք հաճախ օգտագործում են վիտամին E-ի, լիզինի (անփոխարինելի ամինաթթու) ու օմեգա-3 ճարպային թթուների բարձր պարունակությամբ մթերքներ, ուղեղի մեջ զգալիորեն ավելի քիչ ոչ հեմային երկաթ ունեն, նրանց աշխատանքային հիշողության արդյունավետությունն ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգը հարուստ չէ վերը նշված սննդանյութերով:
Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկը
Մասնագետները հիշեցրել են, որ ամենից շատ վիտամին E-ն, օմեգա-3 ճարպաթթուները և լիզինը պարունակում են ընկուզեղենի, սոյայի, ձիթապտղի ձեթի ու յուղոտ ձկան մեջ: