Թուրքական վիլայեթ կամ Իրևանի խանություն. ինչի՞ է ձգտում թուրք-ադրբեջանական տանդեմը

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հանդեպ թուրքական նկրտումներին, տարածաշրջանային ենթակառուցվածների վերաբացմանն ու դրանց հնարավոր հետևանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի –Sputnik. Արցախի հանձնում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում`Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերի վավերացմամբ, և Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում. սրանք այն հիմնական պայմաններն են, որոնք Թուրքիան առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց։ Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց և ներկայացրեց դրանք սնող պատճառները։
«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից առաջ քաշած պայմաններից առաջինը` Արցախի 75 տոկոսի հանձնումը, արդեն կատարվել է, չնայած թուրք-ադրբեջանական տանդեմն այս հարցում ձգտում է ավելին ստանալ, հատկապես, որ Հայաստանի իշխանությունը դեմ չէ»,–ասաց Լոքամգոզյանը։
ՌԱԴԻՈ
Թուրքիան ծավալապաշտական նկրտումներ ունի. փորձագետը դրական ազդակներ չի տեսնում
Թուրքիան ու Ադրբեջանը հիմա էլ հույս ունեն մյուս երկու պայմաններն արագ կյանքի կոչել։ Լոքմագյոզյանի կարծիքով` չի բացառվում, որ մի օր էլ ՀՀ վարչապետը Հայոց ցեղասպանության ժխտումն ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչող մի նոր փաստաթուղթ կամ փաստաթղթեր ստորագրի։ «Ու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, համաձայնեցնելու` ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։ Այդ դեպքում Թուրքիան սահմաններն էլ կբացի, հայ-թուրքական հարաբերություններն էլ կվերանայի, իսկ թե ով այդ ամենից ամենաշատը կշահի`արդեն այլ հարց է»,–նշեց թուրքագետը։
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու դրական ազդակների մասին Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի փոխադարձ հայտարարությունները, Լոքմագոզյանի կարծիքով, հասկանալի չեն։ Թուրքագետը զարմանում է` այդ ինչ ազդակների մասին են խոսում ՀՀ վարչապետն ու Թուրքիայի առաջնորդը,  որոնք բացի իրենցից ոչ ոքի տեսանելի չեն։
«Եթե Էրդողանը խոսում է Ադրբեջանի անունից, այո՛, Ադրբեջանի համար շատ դրական ազդակներ կան։ Եվ եթե դրանց վրա հիմնվելով մենք ինչ-որ բաներ ենք զիջելու, և անպայման զիջելու ենք` դատողությունները թողնում եմ ձեզ։ Ես արդեն վաղուց ասել եմ, որ այս պայմաններում մենք շատ մեծ շանսեր չունենք` երկու տարբերակ կա` կա՛մ դառնալու ենք թուրքական վիլայեթ, կամ Ադրբեջանի` Իրևանի խանություն»,- ասաց Լոքմագյոզյանը։
Հայաստանում ադրբեջանա-թուրքական գործակալնե՞ր են հայտնաբերվել
44-օրյա պատերազմից հետո Ալիևն ու Էրդողանը` խոսքերը մեկ արած, առաջնորդվում են «երկաթը տաք-տաք ծեծելու» սկզբունքով և առիթը բաց չեն թողնում նոր ծուղակներ պատրաստելու։ Դրանցից մեկն էլ, ըստ թուրքագետի, Էրդողանի առաջ քաշած «վեցյակի» գաղափարն է: Արդեն մի քանի ամիս է` Էրդողանն առաջարկում է  Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և  Հայաստանի մասնակցությամբ մի նոր կառույց ստեղծել, որը հավանաբար կղեկավարի ինքը։ 
Լոքմագոզյանի կարծիքով` եթե անգամ Էրդողանի գաղափարը միս ու արյուն ստանա, միևնույն է ` այնտեղ ի նպաստ Հայաստանի որևէ հարց չի կարող լուծվել։
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան
«Երևի Էրդողանի նպատակն էլ դա է` կազմել մի այդպիսի կառույց, որը ձևացնի թե ինչ-որ բաներ անում է, բայց ոչ մի բանի չհասնի։ Եթե Հայաստանը համաձայնի միանալ այդ ֆորմատին, ուրեմն Էրդողանը կանի` ինչ ուզում է»,- ընդգծեց Լոքմագոզյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով Թուրքիային և Ադրբեջանին ճանապարհ (իրենց ձևակերպմամբ` «միջանցք») տրամադրելու քննարկումներին, ապա այստեղ ևս թուրք-ադրբեջանական դուետը խորամանկության է դիմում։ Թուրքագետի կարծիքով` ճանապարհների ապաշրջափակման անվան տակ Էրդողանը սահուն քայլերով փորձում է կյանքի կոչել իր դարավոր երազանքը։  Էրդողանի ոգևորության հիմքում պանթուրքիստական նկրտումներն են։ Պաշտոնական Անկարան ջանքեր է գործադրում, որ Մեղրիով կամ ՀՀ մեկ այլ տարածքով անցնող ճանապարհն իրենց վերահսկողության տակ լինի։
«Իրենց պետք չէ ինչ-որ հագուստ, կոշիկ կամ մարդ տեղափոխել։ Իրենք ռազմավարական նշանակություն ունեցող կապ են ուզում, որտեղով կկարողանան իրենց ռազմական բեռները և զինվորներին անարգել տանել-բերել»,- նշեց թուրքագետը։
«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
Լոքմագոզյանի դիտարկմամբ` եթե Փաշինյանը երկար պաշտոնավարի, Հայաստանը մաս-մաս թշնամուն վաճառելու, հանձնելու գործընթացը կշարունակվի, իսկ եթե ազգասեր առաջնորդ ունենանք, հնարավոր է` նույնիսկ կորցրածի մի մասը հետ բերենք։