«Հայ եմ ու սենտիմենտալ», կամ ինչպես Վիլյամ Սարոյանը նույն կնոջ հետ ամուսնացավ 2 անգամ

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 113-ամյակն է։ Sputnik Արմենիան պատմում է վարպետի Հայաստան ու Ռուսաստան այցերի, նրա՝ ուղն ու ծուծով հայ լինելու, նրա մեծ սիրո մասին։ Սարոյանը նաև շռայլ սիրով ողողեց իր ստեղծագործությունները, գրեց հասարակ մարդկանց, նրանց կյանքի մասին։
Sputnik
«Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան»․ Միացյալ Նահանգներում ծնված ու ապրած աշխարհահռչակ ամերիկահայ գրողի՝ Վիլյամ Սարոյանի պատգամն էր սա։ Նա հայերեն չէր գրում, բայց հայ էր իր ամբողջ էությամբ, հայ էին աշխարհին հայտնի նրա ստեղծագործությունների հերոսները։
1908թ․-ի ճիշտ այս օրը՝ օգոստոսի 31-ին, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, Արևմտյան Հայաստանի Բիթլիս գավառից գաղթած հայ ընտանիքում լույս աշխարհ եկավ կրտսեր որդին՝ Վիլյամը։ Ընդամենը 4 տարեկան էր, որ զրկվեց հայր ունենալու երջանկությունից։ Գաղթական հայ ընտանիքի զավակը մանկության և պատանեկության տարիներին ստիպված էր աշխատել, գումար վաստակել․ լրագիր էր վաճառում, հեռագրատանն էր աշխատում։
Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է
1915-ի Ցեղասպանությունից հետո Ֆրեզնոն այնքան հայաշատ էր դարձել, որ գրողի խոսքով «կիսով չափ հայկական» էր։ «Ջարդեն փախած հայերը պզտիկ ուրախություններու վրա անանկ կխնդային, անանկ կպոռային, որ ամբողջ փողոց, ամբողջ թաղ կբռներ։ Տեղացիներ կզարմանային, կնեղվեին․ է՜, մեզի ինչ, մենք կխնդայինք, կպոռայինք․․․Հայն իր բոլոր դժբախտությունների մեջ կատակ կսիրե, կոմիկը կսիրե, որովհետև լավատես է»։
Աշխարհի այդ խառնարանում անգամ Սարոյանների ընտանիքը սրբորեն պահպանում էր ազգային ավանդույթներն ու սովորույթները, լեզուն։ «Իմ մեծ մայր Ամերիկայի մեջ էլ Բիթլիս կապրեր։ Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր, անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար և չէր վհատվիր, չէր հուսահատվիր»,-գրել է Սարոյանը։
1935թ․-ից հետո Սարոյանը 4 անգամ եղել է հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում։ Պատմում են, որ այստեղ նա սիրում էր լինել ամենուր, շփվել հասարակ մարդկանց հետ, որոնք էլ հաճախ դառնում էին նրա պատմվածքների հերոսները։
Հայտնի բանաստեղծ, թարգմանիչ Վահագն Դավթյանը գրում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Սարոյանին հարցրել են՝ ԱՄՆ-ում գիտեն, որ իր հերոսները հիմնականում հայեր են։
Место рождения Уильяма Сарояна во Фресно
Վիլյամ Սարոյանը մեծացել է այստեղ
«Չեմ գիտեր, բայց լավ գիտեն, որ ես եմ հայ, միշտ կհիշեն, որովհետև չեմ թողուր, որ մոռնան․․․Ժամանակին քննադատները կմեղադրեին ինձի, կսեին՝ սենտիմենտալ է․․․Ծո, ձեր ինչ գործ, թե ինչ եմ, հայ եմ ու սենտիմենտալ։ Այդ կրիտիկներեն մեկը օր մը հարց տվավ ինձի՝ ձեր ազգանուն ինչի չեք փոխած։ Դե լսե ըսի՝ Սա-րո-յան՝ ասկե անուշ ազգանուն ուրկե՞ պիտի գտնայի․․․»,-պատասխանել է Սարոյանը։
1976թ-ին, երբ Վիլյամ Սարոյանը Լենինգրադ էր (հիմա Սանկտ Պետերբուրգ) գալիս, Հայաստանից նրան դիմավորելու գնացին գրող Ռազմիկ Դավոյանն ու գրականագետ Լևոն Մկրտչյանը։
Հուսալքված Դասթին Հոֆմանին օգնել է Վիլյամ Սարոյանը
Ռազմիկ Դավոյանը մեզ հետ զրույցում ասում է, որ հակառակ տարածված կարծիքին, թե Սարոյանը դժվարահաճ ու տարօրինակ մարդ է, օդանավակայնում հանդիպելու հենց առաջին րոպեներից մտերմացավ։ «Սպասում էինք, ինքնաթիռը ժամանեց, բոլորից հետո դուրս եկավ Սարոյանը՝ լայնեզր գլխարկով, երկար արծվաթև բեղերով։ Ես ձեռքով արի, իբրև թե այստեղ ենք։
-Հա՞յ եք,-հեռվից հարցրեց վարպետը։
-Այո,-եղավ մեր պատասխանը։
-Ուրեմն փրկված ենք,-ծիծաղով վրա բերեց նա։
Դավոյանն ասում է, որ Սարոյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կար ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, հատկապես հասարակ ժողովրդի, գրականասեր մասսայի կողմից։ Նա մի դեպք է հիշում Լենինգրադի «Կովկաս» ռեստորանից, որտեղ ճաշել են մեծանուն հայի հետ։ «Գնացինք, ռեստորանը փակ էր, դեռ մի կես ժամ կար մինչև բացվելը։ Տեսնելով Սարոյանին ռեստորանն անմիջապես բացեցին ու առանձնահատուկ ուշադրության արժանացրին մեզ։ Մինչ մենք ճաշում էինք, ռեստորանի դռնապանը շտապել էր տուն, բերել իր գրադարանում տեղ գտած Սարոյանի գրքերից մեկն ու դուրս գալուց խնդրել, որ վարպետն անձամբ մակագրի այն»։ Իսկ հրապարակում քայլելիս նրանց են մոտեցել մի խումբ ռուս ուսանողներ, հետաքրքրվե՞լ՝  իրոք Սարոյանն է, զարմանքից քարացել և ուրախությամբ կարճ զրույցի բռնվել նրա հետ։
Արշիլ Գորկու ընկերն ու Վիլյամ Սարոյանի մտերիմը. ո՞վ էր ի վերջո Ենովքը
Իսկ արդեն Մոսկվայում նրա համար շքեղ համար էին պատրաստել «Սովետսկայա գոստինիցա»-ում, բայց Սարոյանը ցանկություն է հայտնել մնալ «Նացիոնալ»-ում, քանի որ 1935-ին, երբ կրկին Մոսկվայում է եղել այդ հյուրանոցում հանդիպել է Չարենցին ու Մահարուն։ Ու նրանց շունչը նորից զգալու, եղածը վերապրելու համար ուզում է նույն հյուրանոցում գիշերել։  «Կիրակի էր, դժվար էր միանգամից հյուրանոցում համար գտնել։ Նեղվեց, ասաց՝ Ռազմիկ, արի թռնենք Լոնդոն, գիշերենք, հետ գանք։ Ասացի՝ վարպետ, արի փորձենք «Մետրոպոլում» մնալ։ Համաձայնեց»։  «Մետրոպոլի» ադմինիստրատորը գեղեցիկ ու ներկայանալի մի  ռուս կին է եղել, Դավոյանը մոտեցել է նրան ու ասել, որ այսպիսի խնդիր ունեն՝ Սարոյանն է ԱՄՆ-ից եկել, հիմա եթե էս հյուրանոցում տեղ չգտնեն, կարող է նեղանալ գնալ ու էլ չվերադառնալ։ «Տիկինը զարմանքից չռված աչքերով նայեց, հարցրեց՝ համոզված եմ, որ Սարոյանն է, իմ հաստատական պատասխանը ստանալուց հետո, խառնվեց իրար, ոտքից գլուխ կարմրեց ու մեկի փոխարեն 2 ցարական ոսկեձույլ արձաններով համարներ հատկացրեց»։
Ձևականությունների հանդեպ միագամայն մերժողական վերաբերմունքից Սարոյանը դժվար հաղորդակցվող մարդու տպավորություն էր թողնում։ Դավոյանն ասում է, որ բազում պատմություններ կան, որ նկատելով իր հանդեպ ոչ անկեղծ, ձևական վերաբերմունք, զզվանքով թողել է իր համար գցած սեղանն ու դուրս եկել։
«Երևանում Գրողների միության կազմակերպած ճաշկերույթին Սարոյանն իր ելույթի ժամանակ նշեց 4 անուն, որ իր կարծիքով թանկագին գրականություն են ստեղծում՝ Հովհաննես Շիրազ, Հրանտ Մաթևոսյան, Վահագն Դավթյան և Ռազմիկ Դավոյան։ Իհարկե, այն ժամանակվա Գրողների միության ղեկավարությունը ծանր տարավ այդ հանգամանքը, անգամ անախորժ միջադեպ եղավ, բայց այդպիսին էր Սարոյանը՝ պարզ, անմիջական ու անկեղծ»,-պատմում է Դավոյանը։
Վիլյամ Սարոյանի հոլոգրամը հայտնվել է Ֆրեզնոյում. տեսանյութ
Վիլյամ Սարոյանը սիրում էր այս աշխարհը, կյանքը, վայելքները։ Դավոյանը պատմում է, որ երբ առաջին անգամ ինքն ԱՄՆ է գնացել, իրեն Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո Մարգո անունով մի հայ կին է ուղեկցել։ «Հարցրի՝ կարող եմ Սարոյանին տեսնել, ասաց՝ չէ, այստեղ չէ, այստեղ էլ լինի, խաղատներից դուրս չի գալիս։ Եվ հայ կնոջ անմիջականությամբ ու ցավով ավելացրեց․ «Թաղեմ արևը, Սան Ֆրանցիսկոյի տունն արդեն կրվել է»»։
Ընտանիքի հանդեպ նրա վերաբերմունքն էլ յուրահատուկ էր ինչպես ինքն ու իր ստեղծագործություններն են։ Ահա հատված մի հարցազրույցից։
-Երկու անգամ ամուսնացա։
-Առաջին կնոջից քանի՞ երեխա ունեք։
-Երկու։
-Իսկ երկրորդի՞ց։
-Երկու։
-Չո՞րս զավակ ունեք։
-Չէ, երկու։
-Ինչպե՞ս։
-Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա։ Երբ երկրորդ անգամ ուզեցի ամուսնանալ, խորհեցա՝ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնեմ․․․ու նորեն անոր հետ ամուսնացա։
Ճշմարտության փնտրտուքներն ԱՄՆ-ում ապրող ու հայտնիություն ձեռք բերած գրողին անընդհատ մղում էին դեպի արմատները։ Ու մի օր նա գնաց իր նախնիների ու ծնողների բնօրրան՝ Բիթլիս։
Уильям Сароян
Վիլյամ Սարոյանը երիտասարդ տարիներին
Հուզմունքով պատմում էր․ «Քաղաքն ավերակ էր, միայն բերդն էր կանգուն։ Քուրդ մը կար՝ 80 անց, հորս հիշեց։ Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց։ Տունն ավերակ էր, բայց օջախ կար․․․ Հետո մարդիկ կային՝ թուրքեր, քրդեր, ասի՝ դուք գացեք, կուզեմ մենակ մնալ․․․»։
Մենակ մնաց ու գրեց․ «Սերն անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։  Գրեց իր ընթերցողների հոգում ամեն վայրկյան ատելությունը սպանելու և սերն ապրեցնելու համար։