ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Բաքուն չի կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Ըստ Միրզոյանի, Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:
«Տարածաշրջանում կայունությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության: Այնուամենայնիվ, տարածաշրջանում բավականին լարված իրավիճակը դեռ մնում է, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ուզում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում 2020 թ.–ի նոյեմբերի 9 –ի եռակողմ հայտարարությունը` ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ », - ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով ՝ Ադրբեջանն այս տարվա մայիսի 12 -ից, խախտելով միջազգային իրավունքը, դիմում է բացահայտ սադրիչ քայլերի, որոնք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միրզոյանը նշել է, որ Բաքվի գործողություններն ուղեկցվում են իշխանությունների հայատյաց ու այլատյաց հռետորաբանությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է հատկապես Բաքվի կողմից հայ ռազմագերիների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց վերադարձնելուց հրաժարվելը, ինչը նախատեսված է նաև եռակողմ հայտարարությամբ։
Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։