Արման Թաթոյանը տեսանյութով է պատասխանել Ադրբեջանի ՊՆ-ի հերքմանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վերահաստատում է, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:
Կութի տարածքում հրդեհ է. աշխատում են 17 հրշեջ-փրկարար
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը: Այդ իսկ պատճառով խնդիր է առաջացել նորից անդրադառնալ թեմային և փաստեր հրապարակել։
Թաթոյանը տեղեկացրել է, որ բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: «Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով»,–գրել է ՄԻՊ–ը:
«Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ-ի հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում»,–նշել է Թաթոյանը:
Կութում կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:
«Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»,–գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութեր էր հրապարակել և տեղեկացրել, որ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից:
Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: