Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, ապա այդտեղ պետք է անպայմանորեն արձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին առանց նախապայմանների. Լավրով
Ադրբեջանական կողմը վերջին շրջանում բազմիցս մեղադրել է Հայաստանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու մեջ։
Մինչդեռ Միրզոյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է կենտրոնանային երկու`2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։
Հայաստանի արտգործնախարարի խոսքով` եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, ապա դրանցում պետք է անպայմանորեն արձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հռչակած սկզբունքների հիման վրա:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում բնականոն կյանքին վերադառնալու պայմաններ է ստեղծում. Միրզոյան
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ռուսաստանը «Սպուտնիկ–V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ կուղարկի Հայաստան. Լավրով
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։