ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Universal Music ձայնագրման ընկերությունը թողարկել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության և համաձայնության։ Այս մասին Ուեսթը գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։
«Ալբոմը Universal-ը թողարկել է առանց իմ թույլտվության, նրանք նաև արգելափակել են Jail 2 կոմպոզիցիան», - գրել է Քանյեն։
Զգացվում է, որ արտիստը խիստ բարկացած է և, հնարավոր է, լուրջ քայլերի դիմի։ Հայտնի է, որ Ուեսթը նյարդային մարդ է, նա մի քանի անգամ բախումներ է ունեցել պապարացիների հետ, մի անգամ նրան իր պահվածքի պատճառով տանը փակի տակ է պահել նախկին կինը՝ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։
Մեկնաբանություններում երկրպագուները որոշել են աջակցել Քանյեին՝ ասելով, որ ալբոմի թողարկումը ոչինչ չի փոխում իրենց համար։
Համացանցում դեռ շարունակում են քննարկել Քանյե Ուեսթի շոուն Չիկագոյում, որը կազմակերպվել էր ի աջակցություն իր նոր Donda ալբոմի: Այս համերգի ամենաանսպասելի պահը, թերևս, ռեփերի նախկին կնոջ հայտնվելն էր Balenciaga նորաձևության նոր հավաքածուի հարսանյաց զգեստով: