ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ծառայությունների նոր որակով բենզալցակայանների ցանց կհայտնվի։ Արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպելուց հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արևմտյան երկրների բենզալցակայաններում հիմնականում ինքնասպասարկումն է տարածված (որպես կանոն այնտեղ աշխատողներ չկան)։ Դա թույլ է տալիս նվազեցնել բենզինի արժեքը։
«Այնտեղ կարող են բենզինը նույնիսկ զեղչով վաճառել, քանի որ փոքր խանութներ են կից գործում։ Սուրճն ու շոկոլադը, որ կողքից գնում եք, նրանց հավելյալ եկամուտ է բերում, ինչի հաշվին նույնպես կարող են իջեցնել բենզինի գինը», – հավելել է Քերոբյանը։
Նախարարը հավելել է, որ վառելիքի որակի առումով ավելի բարձր պահանջներ է դրվում բենզինի կամ գազի պահեստարանների առաջ, դրանց հրդեհային անվտանգության և մաքրության նկատմամբ։
Նոր բենզալցակայանների հետ կապված ներդրում է ուզում իրականացնել արտասահմանյան խոշոր մի ընկերություն, որի հետ բանակցությունները բավական առաջ են գնացել. այժմ քննարկվում են նման լցակայանների շահագործման համար թույլտվություն ստանալու ընթացակարգերը։
«Ընկերությունը ո՛չ ռուսական է և ո՛չ էլ եվրոպական, այլ մանրամասներ թույլ տվեք դեռ չհայտնել։ Բայց այն բավական խոշոր և հայտնի ընկերություն է», – ասաց նախարարը։
Նշենք, որ Հայաստանում այսօր բենզալցակայանների 4 խոշոր ցանց է գործում։ Այնուամենայնիվ, ավտոմեքենաների մեծ մասը դեռ գազով է շահագործվում (սեղմված, իսկ վերջին 1-2 տարվա ընթացքում նաև հեղուկ)։