ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Բաքվում այսօր կայացել է Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Իգոր Խովաևի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
«Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Մոսկվան փոխեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին, Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը:
Խովաևը եղել է Ռուսաստանի դեսպանը Ֆիլիպիններում, Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում 2015-2020 թվականներին: