Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է Հայաստանում իրավիճակը լարելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ ՀՀ-ից նոր զիջումներ կորզի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
«Խոսքն առաջին հերթին Արցախի հարցի, սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն արագացված և Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակով իրականացնելու և առանց վերահսկողության ՀՀ տարածքով «միջանցքային» տրամաբանության շրջանակում ավտոճանապարհ և երկաթուղային հաղորդակցություն ստանալու մասին է»,- ասաց նա։
Հովհաննիսյանի կարծիքով` ալիևյան կլանի որդեգրած քաղաքականության մաս են կազմում նաև 2021 թվականի մայիսից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան, Հայաստանի և Արցախի տարածքում պարբերաբար գրանցվող սադրիչ գործողությունները, ինչպես նաև օգոստոսի 26-ից 2 օր անընդմեջ Գորիս-Կապան ճանապարհը փակելու հանկարծակի որոշումը։
Չնայած, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը չէր կարող երկար ժամանակ փակ պահել Գորիս-Կապան ճանապարհը, քանի որ այն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում էր։ Մյուս կողմից թշնամին այսկերպ փորձում է նաև վրեժխնդիր լինել ուզածին չհասնելու համար։
«Չմոռանանք, որ վերջերս Մոսկվայում վերսկսվել էր ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումները տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ և շատ հավանական է, որ այդտեղ ևս զգալով, որ ոչ միայն ՀՀ-ն, այլև ՌԴ-ն իրենց պայմաններին չեն համաձայնելու, նաև դրա համար իրենք կարող էին դիմել նմանատիպ սադրիչ գործողությունների»,- նշեց Հովհաննիսյանը։
«Չմոռանանք, որ վերջերս Մոսկվայում վերսկսվել էր ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումները տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ և շատ հավանական է, որ այդտեղ ևս զգալով, որ ոչ միայն ՀՀ-ն, այլև ՌԴ-ն իրենց պայմաններին չեն համաձայնելու, նաև դրա համար իրենք կարող էին դիմել նմանատիպ սադրիչ գործողությունների»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ոչ ոք չի կարող երաշխավորել, որ թշնամին առաջիկայում նոր սադրանքներ չի հրահրի, կամ որոշ ժամանակ անց դարձյալ չի փակի ճանապարհը։ Այս ամենը հաշվի առնելով` Հայաստանը պետք է փորձի արագացված կերպով կառուցել, բարեկարգել նոր, այլընտրանքային ճանապարհները, ինչպես նաև ուժեղացնել Ադրբեջանի հսկողության տակ անցած ճանապարհահատվածի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան հատվածը։
Օգոստոսի 27-ի երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։