ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի: Միայն սա կարող է երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ապահովել մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին։
Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանցիները երեկ կրակոցներ էին արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։
Օմբուդսմանը նշել է, որ ադրբեջանական կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ:
«Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են, այլ նաև պատերի մեջ կան պարկուճներ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով ու դադարել են ժամը 23-ի սահմաններում: Հրապարակվում է մի քանի լուսանկար, որոնցից մեկն էլ ցույց է տալիս, թե կոնկրետ որ ուղղությունից են արձակվել կրակոցները»,–գրել է ՄԻՊ–ը:
Նա նշել է, որ այդ կրակոցները, որոնք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, բացահայտ խախտում են մարդկանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների անվտանգությունը, նրանց խաղաղ ու բնականոն կյանքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։