«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է». Բորելը շնորհավորել է Միրզոյանին

Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. հայտնի է հանդիպման օրն ու օրակարգը
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,–ասել է Բորելը շնորհավորական իր ուղերձում։ 
Նա ընդգծել է, որ Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով` հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։
Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի  ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,–խոստացել է Բորելը։
Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։