Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ

Համայնքի ղեկավարի հավաստմամբ` թշնամին կրակել է հրաձգային զինատեսակներից։ Թիրախում եղել են և՛ դիրքերը, և՛ բնակավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան` ժամը 22–23–ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը։
Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս-ադրբեջանական անցակետ չի տեղակայվել
«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և՛ դիրքերի, և՛ բնակավայրի վրա»,–ասաց նա։
Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ և վնասներ չկան։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. ի՞նչ են ասում սյունեցիները
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։