ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։
«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:
«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։
Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: