ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ։ Դրանում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:
Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից»,–նշել է Փաշինյանը։
Վարչապետը նշում է, որ Վլադիլեն Բալյանի վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում անգնահատելի է։
Մեծանուն կոմպոզիտորին հայ ժողովուրդը դասել է հայ երգարվեստի մեծերի շարքն ու ոգեշնչվել նրա ստեղծագործություններով:
«Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»,– նշում է Փաշինյանը։
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 26–ին, 97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
Վլադիլեն Բալյանը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է, այդ թվում՝ «Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա»,
«Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի», «Թափառում ենք փողոցներում», «Սիրո երգ» և այլն։
«Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի», «Թափառում ենք փողոցներում», «Սիրո երգ» և այլն։