ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ադրբեջանցիների փակած ու բանակցությունների արդյունքում բացված Գորիս-Կապան Մ-2 միջպետական ճանապարհից։
«Կարող եք երթևեկել այդ հատվածով։ Ճանապարհի անվտանգությունը լիովին ապահովված է»,– գրել է պատգամավորը։
Օգտատերերն անմիջապես նկատել են, որ բացվելուց հետո ճանապարհը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես` ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Ադրբեջանցիները, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները պայմանով, որ ճանապարհին զիգզագաձև շարված են լինելու բլոկներ:
Իրենց այս պայմանը նրանք պատճառաբանել են, իբր, հնարավոր վտանգներից զգուշանալու ցանկությամբ։