Այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված հատուկ ծառայության: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
«Դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտակայքում ուժեղացված ծառայություն կիրականացնեն պարեկները, կապահովեն ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթևեկության անվտանգությունը։ Հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված կլինեն նաև ոստիկանության զորքերի ծառայողները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնական տարվա մեկնարկին, փաստորեն, ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, պարեկային ծառայությունը, ոստիկանության զորքերը, մարզերում՝ ճանապարհային ոստիկանությունը, դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով զբաղվող ոստիկանները անցնելու են հատուկ ծառայության՝ ապահովելով տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Ոստիկանությունը հորդորում է հետիոտներին փողոցները հատել միայն թույլատրված հատվածներով՝ հետիոտնային անցումներով, գետնանցումներով և վերգետնյա անցումներո, իսկ վարորդներին`պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դպրոցների մոտակայքում չգերազանցել թույլատրելի արագությունը։
Հիշեցնենք, որ առաջին դասարանցիներն այս տարի դպրոց կգնան օգոստոսի 31-ին, իսկ մյուս դպրոցականները` սեպտեմբերի 1-ից։
Դասերը կլինեն առկա ձևաչափով։