ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած անձը ձերբակալվել է։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է»,–նշել է Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ երեկ, «Գյումրին կըռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:
Ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեքի» քաղաքական հայացքներին:
Արմեն Ներսիսյանը որոշել է գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելով՝ կացինը ձեռքին հարձակվել է Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվել է: Հետո միջամտել են «Գյումրին կըռնա» շարժման անդամները։
Նրանց խոսքով՝ երիտասարդն ինքն է հրապարակել տեսանյութը, որպեսզի «գլուխ գովա»։