Էրդողանը դարձել է բոսնիացի առաջնորդի դստեր հարսանիքի քավորը. լուսանկար, տեսանյութ

Նախագահ Էրդողանին Բոսնիայում դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները Սարաևոն զարդարել են Թուրքիայի դրոշներով ու վանկարկել «Թուրքիա»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ, բոսնիական «Դեմոկրատական գործողություններ» կուսակցության առաջնորդ Բաքիր Իզետբեգովիչի դստեր` Յասմինայի հարսանիքի քավորն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Radiosarajevo- ն` հավելելով, որ փեսան գործարար Չամիլ Հումաչկիչն է։
​Թուրք առաջնորդը Սարաևո հարսանեկան արարողության է ժամանել ընտանիքի անդամների հետ, ու ամբողջ օրը եղել է տեղի լրատվականների ուշադրության կենտրոնում։
​Տեղացիները Էրդողանին, նրա կնոջը, որդուն ու հարսին դիմավորել են «Թուրքիա՛, Թուրքիա՛» վանկարկելով, իսկ մայրաքաղաքի փողոցները զարդարված են եղել Թուրքիայի դրոշներով։
​Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հարսանիքն անցկացվել է շարիաթի կանոններին համապատասխան։
Նկատենք, որ Բաքիր Իզեթբեգովիչը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի ամենաազդեցիկ մահմեդական քաղաքական գործիչներից մեկը:
Էրդողանների և Իզեթբեգովիչների բարեկամական հարաբերությունները պահպանվում են ոչ միայն ընտանիքի ավագ անդամների, այլև նրանց երեխաների միջև: