ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Արցախի Հանրապետության ամբողջ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բազմաթիվ ահազանգեր ստանալով` պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրություն է իրականացրել և պարզաբանումներ ստացել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։
«Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից` հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– հայտնում է ՄԻՊ–ը։
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ` Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով:
Պաշտպանը հայտնում է, որ ստացված բոլոր փաստերը ներակայացվել են ռուս խաղաղապահներին։