Վարչապետը պաշտոնապես հերքեց Ադրբեջանի տարածած տեղեկությունները

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին կոչ արեց փաստեր ներկայացնել, եթե այդպիսիք կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկություններն այն մասին, թե հայ զինծառայողները նախորդ գիշեր մտել ու դանակահարել են ադրբեջանցի զինծառայողին։
Այս մասին այսօր ԱԺ–ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ո՛չ». Փաշինյանը Որոտան– Շուռնուխի համար մեղադրեց նախկիններին
«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը` դանակահարության վերաբերյալ,  իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Փաշինյանը` ադրբեջանական կողմին կոչ անելով փաստեր ներկայացնել, եթե այդպիսիք կան։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:
Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Ադրբեջանցի զինվորների արարքները հանցավոր են․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհը փակելու մասին
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։