ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման ծրագիր է մշակել։ Տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը: Պատվաստման համար երեխաներին պետք չի լինի ծնողների համաձայնությունը։
Հարկ է նշել, որ Պատվաստումների և իմունիզացիայի միացյալ կոմիտեն (JCVI) դեռ չի հաստատել իշխանության այդ ծրագիրը՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով այն հանգամանքով, որ պատվաստումների վնասը կարող է գերակշռել օգուտը:
Մեծ Բրիտանիայում 16-17 տարեկան դեռահասներն արդեն պատվաստվելու հրավեր են ստացել։ Դրա համար նրանց պետք չէ ծնողների ու խնամակալների թույլտվությունը։
Վերջին շրջանում Բրիտանիայում աճում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը 15-19 տարեկան քաղաքացիների շրջանում։ 100 հազար վարակվածի մեջ նրանք 929 են կազմում։ ԱՄՆ-ում, ի դեպ, կարգավորող մարմինները 12-ից մինչև 15 տարեկան քաղաքացիների համար դեռ մայիսին թույլատրել են Pfizer պատվաստանյութով պատվաստվել: