ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «Թալիբանի» (արգելված է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում) գրոհայինները պատրաստ են «ժամանակին համընթաց քայլել». կանանց թույլ կտան տնից դուրս գալ առանց ուղեկցության, բայց կարգելեն երաժշտությունը: Տեղեկությունը The New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
«Երաժշտությունն արգելված է իսլամում։ Բայց մենք հույս ունենք, որ կկարողանանք մարդկանց համոզել նման բաներ չանել (նկատի ունի՝ երաժշտություն չլսելը - խմբ.)՝ նրանց վրա ճնշում գործադրելու փոխարեն»,- հստակեցրել է Մուջահիդը։
Նա հավաստիացրել է, որ թալիբները ցանկանում են «վերականգնել պատերազմի տասնամյակների ընթացքում ավերված երկիրը» և «կառուցել ապագան՝ մոռանալով այն մասին, թե ինչ է եղել անցյալում»:
Մուջահիդը ասել է, որ Աֆղանստանի կանայք մոտ ապագայում կկարողանան վերադառնալ իրենց առօրյա գործերին, ու համաշխարհային հանրությունն իզուր է վախենում, որ կանանց կստիպեն ամբողջությամբ փակել դեմքը:
Ինչ վերաբերում է առանց ազգական տղամարդկանց տնից դուրս գալու արգելքին՝ դա վերաբերում է միայն երկարատև ուղևորություններին (3 կամ ավելի օր): Ընդ որում, դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց հաճախելու համար կնոջն ուղեկցություն պետք չէ։ Ճիշտ է, թալիբների ներկայացուցիչը կանանց խորհուրդ է տվել առայժմ նստել տանը, քանի որ սկզբում նրանց անհրաժեշտ է «սովորեցնել» գրոհայիններին՝ ճիշտ վարվել նրանց հետ: