ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ, ՊՆ ղեկավար Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա ելույթներին, որոնք վերաբերում էին իր եղբորը։
Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ասել էր, որ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»՝ նկատի ունենալով 1998-ի իշխանափոխությունը։
«Ուժային համակարգն ի՞նչ գործ ունի կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում։ Շփվել եմ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ. շատ վատ համակարգ են ստեղծել, ստրկացրել էին հասարակությանը»,- ասել էր Սուքիասյանը։
Սարգսյանը սրան ի պատասխան գրել է Facebook-ում, թե «ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը» Արցախում տարածքներ հանձնելու հարցում տեսակետ հայտնելու իրավունք ուներ։
Սուքիասյանը իր ելույթից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ եթե Վազգեն Սարգսյանին «ճիշտ գնահատական տված լինեինք, Օնիկ Գասպարյանն ըտենց բաներ չէր անի»՝ նկատի ունենալով Գլխավոր շտաբի նախկին հրամանատարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը։
«Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անդրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն, կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում», - գրել է Սարգսյանը։
Վազգեն Սարգսյանի եղբայրն ամփոփել է միտքն ասելով, որ անցյալում անելիք չկա, «անողը արել է», այժմ պետք է զբաղվել ապագայով։