ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները ճարպակալման ու մետաբոլիկ համախտանիշի բուժման և կանխարգելման համար փորձարարական դեղամիջոց են ստեղծել․ այն հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա: Գյուտի մասին հոդվածը հրապարակել է Med-heal.ru հարթակը։
Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին կից Հարինգթոնի հայտնագործությունների ինստիտուտի հետազոտողները ներկայացրել են դեղամիջոց, որը նվազեցնում է ախորժակը, նպաստում մարմնի քաշի կարգավորմանը և կարգի է բերում գլյուկոզայի մակարդակը: Դեղը հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա, որոնք ազդում են ասպրոզին հորմոնի վրա՝ չեզոքացնելով այն:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ասպրոզինը քաղցածության զգացում է առաջացնում և ճարպակալման զգալի դրայվերներից մեկն է, ուստի նոր հետազոտությունն ուղղված է եղել հորմոնի չեզոքացման համար միջոցների որոնմանը: Կրծողների վրա փորձարկումները ցույց են տվել, որ մոնոկլոնային հակամարմինները լավ են կարողանում հաղթահարել այդ խնդիրը:
Ինչպես հայտնի է, չափից մեծ ախորժակը, բարձր գլյուկոզան ու մարմնի զանգվածի նորմայից բարձր ինդեքսը հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված է մետաբոլիկ համախտանիշի զարգացումը, որը շատ դեպքերում խթանում է գիրությունն ու շաքարախտի երկրորդ տեսակի զարգացումը։ Գյուտի հեղինակները պնդում են, որ այդ բոլոր գործոնները կարելի է շտկել՝ մոնոկլոնային հակամարմիններով ազդեցություն գործելով հորմոնի վրա։