ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։