ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա, քանի որ մենք վերապատրաստել ենք Տավուշի ուսուցիչներին։ Այսինքն` շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։
Փոխնախարարը հիշեցրեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։
Օրինակ, կարելի է ՆԶՊ–ն որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից և ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։
Փոխնախարարը հավելեց, որ ՊՆ գործընկերների հետ ուսուցիչների զորակոչման համար պետք է խելամիտ լուծումներ գտնեն։
Հիշեցնենք, որ Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: