Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, թե ինչ վնասվածք ունի Գեղամ Նազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հայտնել էինք, որ այսօր ԱԺ–ում բավական լարված մթնոլորտ է` մի քանի անգամ իրարանցում ու քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։
«Գեղամ Նազարյանը վնասվածք է ստացել աչքի շրջանում, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Մալայանի անվան հիվանդանոց»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` կարծես թե այլ տուժածներ չկան։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել
Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց. «Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ