Մեզ պետք էր նման ուրախություն. Դումանյանը հանդիպել է գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր գերատեսչությունում հանդիպել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար։
Հայ շախմատիստը դարձել է միջազգային հուշամրցաշարի հաղթող
 «Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս»,–ասել է նախարարը:
Էլինա Դանիելյանն իր հերթին հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար։
«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»,–ասել է Դանիելյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:
Հիշեցնենք`օգոստոսի 20–ին  Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն էր, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: