ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik․ Հասարակական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ներ, հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց մտահգությունն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքը սահմանափակելու կապակցությամբ:
«Լրագրողները չկարողացան լուսաբանել պատգամավորների կոնֆլիկտը, և նրանց նկատմամբ ԱԱԾ ծառայողների կողմից կիրառվեց բռնություն։ Հարկ է նկատել, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ից սկսված՝ լրագրողների գործունեության սահմանափակման ֆոնին»,– ասված է հայտարարության մեջ։
Սահմանափակումների արդյունքում, ըստ հայտարարության հեղինակների, լրագրողները չեն կարողանում ազատ շրջել խորհրդարանի շենքի միջանցքներում, լուսանկարել անվտանգության աշխատակիցներին, իսկ ԱԺ հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովների նախագահների հայեցողությամբ:
ՀԿ–ներն առավել մտահոգիչ են համարում լրագրողներին հեռացնելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու մասին պատգամավորներից մեկի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը, որով վարչապետը քաջալերել է ԱԱԾ ծառայողների պահվածքը ու այն, ըստ էության, գնահատել է իրավաչափ:
«ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հեռացնելը (առավելևս` բռնության գործադրմամբ) գնահատվում է ոչ այլ կերպ, քան լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում: Այդ դեպքերը պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի, նշված արարքը կատարած անձինք, ինչպես նաև նրանց ակնհայտ ապօրինի հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,– ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն արձանագրում են, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը հակասում է Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին):
«Այդ որոշումը պետք է վերանայվի և ընդունվի այնպիսի որոշում, որով կարևորագույն այս իրավունքի սահմանափակումը չի հատի համաչափության ու ողջամտության սահմանները»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած մի քանի միջադեպերի ժամանակ անվտանգության աշխատակիցները հրմշտել էին ԱԺ նիստը լուսաբանող լրագրողներին, ընդ որում` ԱԺ կանոնակարգ օրենքով լրատվամիջոցների աշխատանքի համար հատուկ հատկացված տարածքում` օթյակում։
Անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել, որ լրագրողները նկարահանեն այն, ինչ այդ պահին տեղի էր ունենում ԱԺ նիստերի դահլիճում։
Այդ նպատակով նրանք լրագրողներին հրմշտելով դուրս էին բերել օթյակից` ստիպելով դադարեցնել նկարահանումներն ու ուղիղ հեռարձակումները։