ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ինչո՞ւ ես» YouTube–յան շոուում երգչուհի Վալերիային տված հարցազրույցում պատմել է իր մեծ հայկական ընտանիքի մասին։
«Մենք ապրում ենք մեծ հայկական ավանդական ընտանիքով` տատիկներ, հորաքույր-մորաքույրներ, քույրեր», – ասել է նա։ Վալերիայի այն հարցին, թե ինչպես են այդքանով միասին կարողանում ապրել, չէ՞ որ մարդիկ սովորաբար տաքարյուն են, Մարգարիտան պատասխանել է, որ իրենց ընտանիքում դա վերաբերում է միայն իր ամուսնուն` կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին։
«Նախ բոլորը չեն տաքարյուն։ Մեզ մոտ միայն Տիգրանն է տաքարյուն։ Դե ու նաև մեր ավագ դուստրը` Մարյաշան։ Մնացած բոլորս ավելի հանգիստ ենք։ Ինձ հունից հանելու համար մեծ ջանք է պետք գործադրել։ Մայրս խաղաղության և առողջ անտարբերության մարմնացում է, Տիգրանի մայրը` արիստոկրատիզմի և նրբանկատության մարմնացում։ Եթե նույնիսկ նրան որևէ բան դուր չգա, նա այդ մասին չի ասի և դրանից խնդիր չի սարքի։ Միայն ինձ նա կարող է ասել. «Մարգո, այդ զգեստը Սոլովյովի մոտ գնալիս այլևս չհագնես»։ Ինչին ես պատասխանում եմ. «Լավ, այլևս չեմ հագնի։ Վերջ, արդեն քրոջս եմ տվել այն, այդ զգեստն այլևս չկա»»,– պատմել է Սիմոնյանը։
Վալերիան նկատել է, որ երեխաները հավանաբար երջանիկ մանկություն ունեն. նրանք ապրում են սիրո մեջ, բազմաթիվ բարեկամներով շրջապատված։ Մարգարիտան խոստովանել է, որ երեխաները փոքր տարիքում առանձնակի չէին հասկանում, թե ով է այստեղ ընդհանրապես մայրիկը։
Հետաքրքիր է, որ ինքը երբեք դեկրետ չի գնացել, թեև երեք երեխա ունի` Մարյանան (2013 թ.), Բագրատը, որը մեկ տարի անց է ծնվել և երկու տարեկան Մարոն։
Մեդիամենեջերի խոսքով` ինքն իրեն առանց աշխատանքի չի պատկերացնում, և դեկրետային արձակուրդի բացակայությունը իրեն որևէ կերպ չէր մտահոգում։
«Այն ամենից, ինչով զբաղվել եմ կյանքումս` երեխայի խնամքն ամենադժվարն է։ Ես հիանում եմ այն կանանցով, ովքեր անձամբ են դա անում, միայնակ, առանց մեծ ընտանիքի»,– խոստովանել է նա։
Սիմոնյանը պատմել է նաև, որ երեխաների դաստիարակմամբ հիմնականում ինքն է զբաղվում, այն դեպքում, երբ ամուսինը նրանց հետ միշտ ուրախ խաղեր է խաղում։
«Տիգրանն ուրախ հայր է, տոն–մարդ։ Նա սիրում է ուրախացնել երեխաներին, կատակել նրանց հետ, ինչ–որ վայրի պատմություններ հորինել, անակնկալներ անել։ Առավոտից դաշնամուր է նվագում նրանց հետ, ինչ–որ բան երգում։ Ես խիստ չեմ, բայց ես եմ դաստիարակը։ Մի անգամ Տիգրանն ասաց. «Մեզ մոտ հայրն ուրախ է, մայրն` արդար»։ Երբեք երեխաների վրա ձայն և ձեռք չեմ բարձրացրել, անկյուն չեմ կանգնեցրել», – ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` երեխաները երբեք նրան շատ չեն բարկացրել։ Մարգարիտան փոքր հասակից հասկացրել է, որ հիստերիաներով նրանք որևէ բանի չեն հասնի, իսկ եթե հանդարտվեն, կստանան այն, ինչ ցանկանում են։ Ինքը խաղում է երեխաների հետ, նրանց հետ միասին բանաստեղծություններ կարդում և համոզված է, որ երեխաները պետք է հստակ օրակարգ ունենան։ Գրաֆիկն անհրաժեշտության դեպքում փոխվում է, բայց ընդհանուր առմամբ այն խստորեն պահպանվում է։
Վալերիան հետաքրքրվել է նաև, թե ինչպես են ծանոթացել Տիգրանի հետ։
«Չես հավատա, բայց Facebook–ում։ Տիգրանը հետևյալն էր գրել. «Բարև ձեզ, Տիգրան Քեոսայանն է։ Ես մեքենայով գնում էի և լսեցի, թե ինչպես են ձեզ հայհոյում «Էխո Մոսկվայով»։ Եվ ինձ շատ վատ զգացի ձեզ համար։ Պարզապես ցանկություն ունեցա գտնելու ձեզ և աջակցության խոսքեր գրել։ Վաղուց շատ ինձ շատ դուր եք գալիս, հիշում եմ ձեզ Բեսլանում և այլն։ Ես այնքան զարմացա, դե, հաճելի է, ինչ–որ բան պատասխանեցի։ Խոսքը խոսքի հետևից, սկսեցինք շփվել, և ահա, արդեն երեք երեխա»», – պատմել է նա։
Վալերիայի այն հարցին, թե ինչն է հավանել Տիգրանի մեջ, Մարգարիտան պատասխանեց. «Տեսե՞լ ես նրան։ Ինչպե՞ս կարող է նա դուր չգալ... Ես սիրահարվեցի նրան, երբ նա «Прожекторперисхилтон» հաղորդման եթերում ցույց էր տալիս ինձ` ինչպես է դաշնամուր նվագում և երգում»։
Իսկ այն հարցին, թե ինչու նրանք զագս չեն գնում, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիրը խոստովանել է, որ երբեք ամուսնանալու ցանկություն չի ունեցել։
«Տիգրանը վրդովվում է այդ առիթով։ Նա ինձ ժամանակ առ ժամանակ առաջարկություն է անում, մատանի նվիրում, իսկ ես ասում եմ. «Սիրելիս, ես պարզապես մատանիների հավաքածու եմ ստեղծում»։ Վախենում եմ վախեցնել։ «Ավելի լավ է»–ն լավի թշնամին է։ Եվ հետո` ինչի՞ համար։ Ժամանակակից աշխարհում դրանք ձևականություններ են», – պատասխանել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ իրեն Տիգրանից «սիրուց և ուրախությունից» բացի ոչինչ պետք չէ։