Ի տարբերություն բենզինի ու դիզվառելիքի, պրոպան գազի շուկան Հայաստանում դեռևս մենաշնորհային դիրք չի զբաղեցնում, հետևաբար հայաստանյան շուկայում առկա միտումներն ուղղակի արտացոլանքն են միջազգային շուկայական իրողությունների։ Խոսելով պրոպան գազի թանկացման մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
Նրա խոսքով` միջազգային շուկայում գազի գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված է շուկայում առանցքային դերակատարների, մասնավորապես ՌԴ-ի, վարած կոշտ գնային քաղաքականությամբ։
«Մենք տեսնում ենք, որ եվրոպական շուկայում բնական գազի գինը հասել է շուրջ 600 դոլարի, ասիական շուկաներում` 1100-1200 դոլարի, սա էլ իր հերթին բնականաբար անդրադառնում է մյուս ապրանքատեսակների վրա»,- ասաց նա։
Միջազգային գների աճն էլ իր հերթին նպաստում է հայաստանյան շուկայում հեղուկ գազի դեֆիցիտի ձևավորմանը։ Դավթյանի խոսքով` այս առումով Հայաստանի սպառողական շուկան բավականին համեստ է։ Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանում եղած ավտոմեքենաների 10-12 տոկոսն է օգտվում հեղուկ գազից, հետևաբար, ներկրողները նպատակահարմար չեն գտնում ՌԴ-ից, Իրանից բարձր գնով հեղուկ գազ ներկրել այստեղ վերավաճառելու համար։
Պրոպան գազի դեֆիցիտի առաջացման պատճառներից մեկն էլ ՌԴ-ում հնարավոր սահմանափակումներն են։ Ռուսաստանի կառավարությունում այժմ քննարկում են սեպտեմբերից բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը կես տարով դադարեցնելու հարցը։
«Ակտիվ արտահանումը Ռուսաստանի ներքին շուկայում ձևավորվում է պակասորդ, ինչը հանգեցնում է ներքին շուկայում գների բարձրացմանը։ Քանի որ սեպտեմբերին ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններ են, այդ կտրուկ գնաճը բնականաբար նաև որոշակի քաղաքական ռիսկեր է պարունակում»,- ասաց Դավթյանը։
Նշենք, որ տարեսկզբին հեղուկ գազի մեկ կիլոգրամը հայաստանյան շուկայում վաճառվում էր 150-200 դրամ, իսկ այժմ այն տատանվում է 270-300 դրամի սահմաններում։