«Դատախազությունը դեռևս ներողություն չի խնդրել ինձնից». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

Հայաստանի երկրորդ նախագահը անարդար է համարում, որ մոտ երկու տարի իրեն բանտում պահելուց հետո դատախազությունը չի ընդունել իր սխալը և նրանից ներողություն չի խնդրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ իր և նախկին փոխվարչապետ, իսկ այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստին, որը ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
«2018-ի օգոստոսին այս նույն դատական նիստերի դահլիճում ընթանում էր իմ գործով առաջին դատական նիստը։ Այդ ժամանակ ինձ կալանավորելու որոշում կայացվեց։ Մենք այդ օրվանից բարձրացնում էինք 300.1 հոդվածի իրավականության խնդիրը։ Ես մոտ երկու տարի անցկացրի բանտում, այդ  ընթացքում դատարանի բոլոր կալանավորման որոշումների հիմքում այդ առաջին որոշումն էր, իսկ դատախազությունն էլ համառորեն չէր ընդունում խնդիրը», – ասաց Քոչարյանը։
Դատարանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի որդու գույքի վրա դրված կալանքը
Հիշեցնենք` 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր Քոչարյանը, 2021-ի մայիսին Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր։
Քոչարյանը նշեց, որ ներողություն է սպասում իրավապահ մարմիններից։ «Դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից ինձ հակաօրինական կալանքի տակ պահելու համար։ Ինձնից` Հայաստանի երկրորդ և Ղարաբաղի առաջին նախագահից», – ասաց Քոչարյանը։
Նախկին նախագահը նշեց, որ իր պաշտպանական թիմը այս գործով դիմել է Եվրոպական դատարան և գործը շահելու դեպքում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը։
Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ. ինչ է որոշել Վճռաբեկ դատարանը
ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին ԱԱԾ-ն հարցաքննել է. «Ժողովուրդ»
Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։