ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատմության մեջ նման նախադեպեր չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, երբ ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր պատգամավորների ու նիստերի դահլիճ հրավիրված մեծաթիվ անվտանգության աշխատակիցների միջև։
«Եթե դուք հիշեք՝ և՛ ես, և՛ իմ մյուս գործընկերները խոսափողն անջատելու իրավասությունը կիրառելուց կամ դիտողություն անելուց առաջ չենք անցել. առավելագույնը դա է եղել։ Որովհետև դա բարոյական խնդիր է, որովհետև ԱԺ նախագահը պատգամավորներից մեկն է և ոչ ավելին։ Աժ-ում նստած յուրաքանչյուր պատգամավորի հետևում կանգնած են նրա ընտրողները, և պատգամավորը ԱԺ-ում պետք է իրականացնի նրանց ցանկությունները, հնչեցնի այն, ինչի համար իրենց ուղարկել է ընտրողը»,- նշեց Նիկոյանն ու հավելեց, որ իր կարծիքով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը դա շատ լավ է իրականացնում։
Ինչ վերաբերում է հարցի օրենսդրական կողմին, Նիկոյանի խոսքով՝ հիմա ռեսուրսների պայքար է, իսկ օրենքի համապատասխանության հարցը, կարծես թե, երկրորդական է դարձել։ Մինչդեռ ԱԺ նախկին նախագահը կարծում է, որ այն, ինչ արվում է, օրենքին չի համապաստախանում։
«Օրենքում նշված է՝ նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարելի է ընդմիջել ելույթները։ Այո՛, եթե ելույթ ունեցողին խանգարում են, կարող է ընդմիջել, կարգի հրավիրել, որ կարողանա ելույթ ունեցողն ավարտել ելույթը, այսինքն՝ դա արված է պատգամավորին օգնելու համար»,- նշում է Նիկոյանը։
Նա ընդգծում է՝ հիմա լրիվ հակառակն է արվում`ԱԺ գործող նախագահն այս օրենքը յուրովի է մեկնաբանում, և հենց ինքն է խոչընդոտում նիստի բնականոն ընթացքին։
Երբ ԱԺ պատգամավորը հնչեցնում է մտքեր, որոնք ԱԺ նախագահին դուր չեն գալիս, նա որոշում է անջատել պատգամավորի բարձրախոսը։
Նիկոյանի բնորոշմամբ՝ սա բռնաճնշում է պատգամավորի խոսքի իրավունքի վրա։
Նա անդրադարձավ նաև Ազգային ժողովում տեղակայված անվտանգության աշխատակիցների թվին՝ նշելով, որ ամաչում է, երբ տեսնում է այդքան մեծ թվով անվտանգության աշխատակիցների։
Նիկոյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգով նախագահն իրավունք ունի անվտանգության աշխատակիցների հրավիրելու նիստերի դահլիճ, եթե, օրինակ, պատգամավորը չի ենթարկվում ԱԺ նախագահին, դահլիճից դուրս չի գալիս, կամ ինչ-որ գործողություններ է անում։ Միաժամանակ հիշեցրեց՝ տարիներ առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օրինագծերից մեկի քվեարկության ժամանակ հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը։
Նիկոյանն ընդգծում է՝ այ դա նշանակում էր խոչընդոտել ԱԺ աշխատանքի բնականոն ընթացքին, բայց նույնիսկ այդ դեպքում ԱԺ նախագահությունը նման խիստ գործելաոճ չկիրառեց։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ընդունելի, երբ պատգամավորը որակավորում է վարչապետին, Նիկոյանը նշեց՝ եթե որակավորումը չի համապատասխանում իրականությանը, դա այլ հարց է։ Ըստ նրա՝ նորմալ է, երբ կապիտուլյացիոն ակտ ստորագրած անձին անվանում են կապիտուլյանտ։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պարբերաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս կիրառում է «կապիտուլյանտ» ձևակերպումը։
ՀՀ ԱԺ նախկին նախագահն ընդգծում է՝ այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ցույց է տալիս իշխանության թշնամական վերաբերմունքն ընդդիմության հանդեպ։ Նա վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր ԱԺ-ում, չի կարող նպաստել օրենսդիր գործունեությանը։
Հիշեցնենք` այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասաց` նա իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։
Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջման ժամանակ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ պատռվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։