ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է միջինը 6.8 դոլար արդյունք։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի տնտեսական հատվածը։
«Սա շատ վատ ցուցանիշ է, որովհետև, օրինակ, ՌԴ–ում այդ ցուցանիշը կազմում է 11.7, ԵՄ–ի միջին ցուցանիշը` 42.7 դոլար։ ԵՄ երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը ավել է 100 դոլարից։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի ՀՆԱ–ում գյուղատնտեսությունն ավելի մեծ կշիռ ունի, մինչդեռ այդ ոլորտում արտադրողականության ցուցանիշը շատ ավելի ցածր է` ժամում 3 դոլար։
«Մեր քաղաքացիներն ասում են` առավոտից երեկո աշխատում ենք, բայց մեր աշխատանքի արդյունքը չենք տեսնում։ Այ, էս նախադասությունը, եթե փորձենք վերաձևակերպել բանաձևի, դա աշխատանքի արտադրողականության ցուցանիշն է, որը չափազանց ցածր է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարության համար ռազմավարական ուղղություն է՝ նպաստել արտադրողականության մեծացմանը։
Վարչապետի խոսքով, կառավարության առաջարկած փոփոխություններում ամենակարևորը գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն են, նախ և առաջ` հողային ռեֆորմը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման կաթիլային համակարգին անցումը, լիզինգային ծրագրերն ու գյուղատնտեսության ապահովագրության խթանումը։