ՌԱԴԻՈ

«Ղարաբաղ» կոմիտեի հուշարձանը պետք է կառուցել. Մանուկյանը` անկախության հռչակագրի մասին

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի անկախության հռչակագրին և խոսել երկրի ինքնիշխանության դեմ ծառացած մարտահրավերներից։
Sputnik
Հայաստանի համար օգոստոսի 23-ն արդեն տխուր անցյալ է, քանի որ մեր օրերում առանց որևէ մեղքի զգացումի հեշտությամբ մսխվում, վերանում են տարիներ առաջ մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակներն ու հաջողությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը 31 տարի առաջ այս օրը ընթերցել է ՀՀ անկախության հռչակագիրը։
«Առջևում սպասվում են միայն նվաստացումներ, միայն կորուստներ և այն հպարտությունը, այն արժանապատվությունը, հայի և հայաստանցու ձիգ կերպարը, որը մենք ձեռք էինք բերել 90-ականներին, հիմա չկա, դրանք հեռացվող արժեքներ են։ Իշխանությունները մսխել են երկրի անկախությունն ու արժանապատվությունը»,- ասաց նա։
Պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը. Արմեն Սարգսյան
Մանուկյանի խոսքով` 1988-ին սկսված քաղաքացիական շարժումը նոր ու թարմ միտք բերեց, մինչդեռ հիմա այդ հիմնարար արժեքներն իրենց տեղը զիջել են պոպուլիզմին ու մակերեսային արժեքներին։ Նրա կարծիքով` անկախության ակունքներում կանգնած մարդկանց չպետք է մոռանալ, նրանք ևս հերոսներ են։
««Ղարաբաղ» կոմիտեի անդամների հուշարձանը պետք է կառուցել։ Նրանց նկատմամբ պետք է հարգանքի վերաբերմունք ստեղծվի, որ ժողովուրդը, մարդիկ, պատմաբանները, վերլուծաբանները հասկանան նրանց արածի արժեքը, արժեք, որ 1000-ավոր տարիներ մենք չենք ունեցել»,- ընդգծեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը։
Նրա խոսքով` հայի ու հայ ժողովրդի համար պատմական ու կարևորագույն օրվա 31-րդ տարեդարձին տոնական զգացողություն չկա։ Հայ ժողովրդի կենսագրության մեջ ամենաարժանապատիվ փաստաթուղթը` օգոստոսի 23-ի հռչակագիրը, պահող-պահպանող չկա։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ հուսալի չէ։
«Մեր անկախությունը կրծող, ոչնչացնող մարմիններն այսօր իբրև ընդդիմություն են, դա անհեթեթություն է։ Ինչպես կարող է ընդդիմությունը լինել գողացող, հարուստ, օլիգարխ, մարդասպան։ Մենք ընկել ենք ծուռ հայելիների աշխարհ։ Չեմ կարող ասել, թե ինչ է պետք, որ մենք վերադառնանք այն արժանապատիվ կեցվածքին, որն ամրագրվեց օգոստոսի 23-ի հռչակագրով»,- նշեց Մանուկյանը։
Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից 1.6-1.7 մլն մարդ է արտագաղթել. Եգանյան
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: