ՌԱԴԻՈ

Քաղաքականացված հանձնաժողո՞վ, թե՞ ռազմական տրիբունալ. ո՞րն առավել օբյեկտիվ կլինի

Ռազմական փորձագետի կարծիքով` պատերազմի քննության գործընթացը պետք է վստահել բացառապես ուժային կառույցներին, ստեղծել ռազմական տրիբունալ, որը այդ հարցերից զատ կքննի նաև վերջին օրերին Գեղարքունիքի մարզում, Երասխում տեղի ունեցած դեպքերը։
Sputnik
2021-2026 թթ. կառավարության ծրագրում 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու և մանրամասն քննություն իրականացնելու մասին շտկումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հակառակորդներին ուղղված մեսիջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` թե՛ քառօրյա, թե՛ քառասունչորսօրյա պատերազմի օբյեկտիվ քննության համար պետք է իրավական հենք ստեղծել, որն իր հերթին կենթադրի իրավական գործընթացներ։
Վանաձորում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար է օծվել
«Այդ կառույցը կամ հանձնաժողովը, որ պետք է ստեղծվի, պետք է իրենից ներկայացներ այնպիսի կառույց, որտեղ կներառվեին բոլոր վերլուծությունները, որոնք արվել են ՊՆ-ում, ԶՈւ-ում, կառավարությունում և բոլոր տեսակի շահագրգիռ կազմակերպություններում, և ըստ այդմ էլ տեղի ունենար քննություն։ Թե չէ սա հերթական քայլն է՝ ուղղված քաղաքական հակառակորդներին կամ կողմնակիցներին, ավել ոչինչ»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների` 44-օրյա պատերազմի հետևանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու պատրաստակամությանը` Հովհաննիսյանը նշեց, որ ինքը բացարձակապես դեմ է, որ օրենսդիրում նման հանձնաժողովներ ստեղծվեն։
«Վերջիվերջո այնտեղ նաև ռազմական գաղտնիքներ կան, որոնց որոշ պատգամավորներ չպետք է տիրապետեն, որովհետև կան պատգամավորներ, որոնք նույնիսկ չեն ծառայել, ուր մնաց` ռազմական գաղտնիքների տիրապետեն»,- նշեց Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով` պատերազմի քննության գործընթացը պետք է վստահել բացառապես ուժային կառույցներին, ստեղծել ռազմական տրիբունալ, որը այդ հարցերից զատ կքննի նաև վերջին օրերին Գեղարքունիքի մարզում, Երասխում տեղի ունեցած դեպքերը և կտա համապատասխան եզրակացություն։
Համաներում կլինի պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ կիրակի` օգոստոսի 22-ին, գրավոր ընթացակարգով փոփոխության է ենթարկվել կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» հավելվածում. այն վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը։
Խմբագրված տարբերակում նշվում է, որ կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ, մինչդեռ կառավարության գործունեության ծրագրի նախնական տարբերակում պատերազմի հանգամանքների քննություն ու բացահայտում չէր նախատեսվում։
Ծրագիրն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։ Այն նախատեսվում է քննարկել օգոստոսի 24-ի նիստում։ 
Պատերազմից հետո սա առաջին միջազգային միջոցառումն է. ԳՇ պետը` զինծառայողներին. տեսանյութ