ՌԱԴԻՈ

Նախկին ՄԻՊ–ը խոսել է մարդու իրավունքների հարցով զբաղվող հանձնաժողովի անելիքների մասին

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է` իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցելն արդյունավետ է նաև իրենց համար։
Sputnik
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում գերիների, անհետ կորածների կամ մարդու իրավունքների ոտնահարման մասին այս կամ այն հարցն ուղղակի հնչեցնելը կամ համապատասխան հանձնաժողովի կողմից հայտարարություն ընդունելը բավարար չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով համապատասխան հանձնաժողովից սպասելիքներին։
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
«Այդ հանձնաժողովը պետք է հասնի նրան, որ ամենացավոտ հարցերը, այդ թվում և հումանիտար բնույթի, այդ թվում միջազգային իրավունքի դեմ Ադրբեջանի հանցագործությունների հարցը դառնան քաղաքական օրակարգի թեմա առնվազն ՄԱԿ-ում և Եվրոպայի խորհրդում»,- ասաց նա։
Ակնկալվող արդյունքն ապահովելու համար հանձնաժողովը պետք է գերակտիվ գործունեություն ծավալի և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից կազմված բոլոր զեկույցները միաժամանակ մի քանի խողովակով տեղ հասցնի։ Ալավերդյանի կարծիքով` դրանք պետք է գործիք դառնան և՛ օրենսդիրի, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ գործադիրի համար։
«Բոլոր զեկույցները, որտեղ զետեղված են Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումները, թեկուզ առցանց տարբերակով, պետք է քննարկել միջազգային գործիչների հետ։ Այստեղ աշխատելու անծայրածիր դաշտ կա, և որքան շուտ իշխանության ներկայացուցիչները հասկանան, որ այս հանձնաժողովի հետ համագործակցելն արդյունավետ է նաև իրենց համար, այնքան շուտ մենք կունենանք որակապես նոր վիճակ»,- նշեց Ալավերդյանը։
Նշենք, որ 8–րդ գումարման Ազգային ժողովում գործելու է 12 մշտական հանձնաժողով։
Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը։
Հայտնի է` ընդդիմադիրներից ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները. «Հրապարակ»