ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը ժամանեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան կալանավորեցին:
Օգոստոսի 23 -ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Չարչյանին:
«Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի: Իրավական գործընթացի կավարտվի, նոր կասեմ ամեն ինչ, չեմ ուզում հիմա գնահատականներ տալ», - ասաց Չարչյանը։
Նա նշեց, սակայն, որ իր կալանավորման համար հիմք հանդիսացած երկու պատճառներն էլ կեղծ են։ Հիշեցրեց, որ ինքն այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չէ, և գործի վկաները կախված չեն իր որոշումներից, ըստ այդմ՝ նրան կալանավորելով որևէ խնդիր չի լուծվում:
Եվ երկրորդ՝ բոլոր վկաներն արդեն ցուցմունք են տվել, և նա չի կարող ազդել նրանց վրա: Այս համատեքստում նա իր կալանավորումը համարեց անօրինական, քանի որ նա ընդդիմադիր պատգամավոր է և տեսնում է այս ամենի մեջ քաղաքական հետապնդում:
Քրեակատարողական հիմնարկ Չարչյանին ուղեկցում էին ընկերներն ու գործընկերները: Նա մտավ քրեակատարողական հիմնարկի շենք ծափահարությունների ներքո:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում: